Վերջապես ո՞վ է նա՝ տաղանդավոր արձակագի՞ր, նույնքան տաղանդավոր բանաստե՞ղծ, նույնքան տաղանդավոր թարգմանի՞չ, նույնքան...
Չէ՛, հազար անգամ չէ՛. նա պարզապես Էրգրի Աստվածներից է, արել է այնքան, ինչքան ամենակտրիճ ֆիդայապետը:
Հայրենիքը ժողովուրդն է պահում-պահպանում, բայց կերտում են ուժեղ անհատները։ Նրանք են ալմաստահումքը ադամանդ դարձնում, ազգային արժեք ստեղծում։ Այդպիսին է Խաչիկ Դաշտենցը՝ մշեցի մի որբ տղա, ով մնաց իբրև ոգու սրբազան հաց՝ «Հարդը գնում է, ցորենը՝ մնում»։ Նա «Սասնա Ծռեր» էպոսից է ծնվել, նրա մի ոտը Էրգրում է, մյուսը՝ այստեղ․․․
Դաշտենցը իր գրականությունը դարձրեց հաց ու նշխարի պես բաժանեց հայ զինվորին:
Այսօր Հայոց սահմաններում Խաչիկ Դաշտենցը կռվում է իր ամենազոր զենքով՝ հատկապես «Ռանչպարների կանչը» վիպասքով:
Իսկ մենք, ինչպես որ մեր զինվորին, նաև Խաչիկ Դաշտենցին, ցավոք հիշում ենք առիթից-առիթ...
Այսինքն՝ մենք, ցավոք, ապրում ենք առիթից–առիթ:
Բայց չէ՞ որ մեր կյանքն ամենից առաջ մեր չընդհատվող հիշողությունն է:
Է՜, նույնիսկ ջուրը մշտական հիշողություն ունի, երևի քարն էլ:
Իսկ մե՞նք...
Քարից էլ շատ ենք քարացել:
Ազգային ջոջերի ընչաքաղցության, թուղթ մրոտողների, պատեհապաշտ գրչակների, շանտաժիստ ու տիտղոսներ թռցնող բազում մտավորական կոչվածների շահամոլ շքահանդեսում գալարվում է մեծագույն գրողի զարմացած ու զայրացած հոգին:
Վարպե՛տ, ներողամիտ եղիր...
Արարի՛չ, ներիր մեր մեղքերը, որ գոնե կարողանանք ապաշխարել և ազգ մնալ:
Արդ այսօր ու միշտ, երբ աշխարհի և ներքին ցուրտ փոթորիկները կուզենան մեր հոգին ու տաճարները թալանել, հիշելու ենք Խաչիկ Դաշտենցի մարգարեական խոսքը՝ «․․․Հովի բերածը հաճախ Փոթորիկն էլ չի տանի․․․»։
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ